ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 27 դիտակետերում ռուս խաղաղապահները իրավիճակի ու հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում:
Երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում, պարեկություն է իրականացվել։ Ապահովվել է դեպի Ամարաս և Գանձասար վանքեր ուխտավորների ուղեկցությունը:
«Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուս խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների խմբերի կողմից չպայթած ականներից ու արկերից մաքրվել է 2 371,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1 937 շենք, հայտնաբերվել ու վնասազերծվել է 26 464 պայթյունավտանգ առարկա», - նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: