Գյումրին արդեն իմ հարազատ քաղաքը դարձավ. բացվեց նորվեգացի միսիոների դիմաքանդակը

Յուսսի Ֆլեմմինգ Բյորնը Գյումրիում
Բոդիլ Կատարինե Բյորնի թոռը հաճախ է գալիս Հայաստան, իսկ հիմա ավելի ամուր կապերով կապվեց Գյումրու հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Գյումրիում բացվեց 1915 թվականին հարյուրավոր հայ երեխաների կյանք փրկած, բազում որբերի խնամակալ, նորվեգացի միսիոներ Բոդիլ Կատարինե Բյորնի դիմաքանդակը:
Հայտնի միսիոների թոռը` 76-ամյա ռեժիսոր Յուսսի Ֆլեմմինգ Բյորնը, դեռ 2018 թվականին այցելել էր Գյումրի և փորձել էր գտնել այն վայրը, որտեղ բարեգործական գործունեություն է իրականացրել նրա տատը:
Այսօր դիմաքանդակի բացման պատիվը տրվեց հենց նրան։ Քանդակն այն թաղամասում է, որտեղ ժամանակին որբանոց-հիվանդանոց է եղել, և Կատարինե Բյորնը աշխատել է այնտեղ:

«Արդեն շատ հաճախ եմ Հայաստան գալիս, իսկ հիմա Գյումրու հետ իմ կապն ավելի խորացավ, սա ինձ համար հարազատ քաղաք դարձավ. իմ տատիկի մի մասն է հիմա այստեղ: Գաղափար չունեմ, թե նա քանի երեխայի կյանք է փրկել, բայց ունեմ տատիկիս օրագիրն ու մի քանի լուսանկար, որոնց օգնությամբ հնարավորության դեպքում կցանկանամ գտնել այդ փրկված երեխաների սերունդներին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Յուսսի Ֆլեմմինգ Բյորնին:

Բոդիլ Կատարինե Բյորնը 1905թ. Գերմանիայում բուժքրոջ մասնագիտացում ստանալուց հետո Կանանց միսիոներական կազմակերպության կողմից ուղարկվում է Օսմանյան կայսրություն և աշխատում որպես միսիոներ-բուժքույր Խարբերդ քաղաքում, ավելի ուշ՝ Մուշում։ Այնտեղ նա տեսնում է 1915թ. կոտորածները, խնամում և մահից փրկում հարյուրավոր անօթևան երեխաների ու կանանց:
1917 թվականին Բոդիլ Բյորնը Մուշից վերադառնում է Նորվեգիա, իսկ 1921-ին այցելում է Ալեքսանդրապոլ և որբանոց հիմնում։
Ալեքսանդրապոլում նա նաև բժշկություն է սովորեցնում մարդկանց: Քանի որ արդեն խորհրդային կարգերն էին, իսկ որբանոցը գործում էր հավատքի հիմքով, թույլ չեն տալիս, որ մանկատունը գործի, և Բյորնը ստիպված մեկնում է Հալեպ և 9 տարի աշխատում այնտեղ։
1960-ին Բյորնը մահանում է Նորվեգիայում։ Նրա գերեզմանից վերցված հողը 2008-ին ամփոփվում է Երևանում` Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հուշապատի մեջ։
«Իմ սիրտը հայի է». օտար կանայք, որոնք հայ որբերին մայրեր դարձան