Եթե Փաշինյանին չձերբակալեն, մայիսի 8–ին կհրկիզեմ ինձ. զոհվածի հայրը հացադուլ է սկսում

Միսակ Ավետիսյան
44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտի հայրը որոշել է ծայրահեղ քայլի դիմել, քանի որ չի ուզում տեսնել, թե ինչպես է հայրենիքը կործանվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Լևոն Ավետիսյանի հայրը` Միսակ Ավետիսյանը, այսօրվանից հացադուլ է սկսում Ազատության հրապարակում։ Նա լրագրողներին հայտնեց, որ իր այդ քայլի պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է։
Վարչապետը ապրիլի 13-ին խորհրդարանում հայտարարել էր, որ տարածքներ հանձնելով՝ հնարավոր է, որ կարողանար հազարավոր կյանքեր փրկել, սակայն հրաժարվելով դա անել՝ մեղավոր է դարձել հազարավոր մարդկանց զոհվելու համար։
«Իմ տղան Մատաղիսում էր ծառայում և զոհվեց հոկտեմբերի 6-ին, երբ փորձում էին հետ վերցնել Մատաղիսը։ Հիմա Փաշինյանը հայտարարեց` կարող էր պատերազմը կանգնեցնել, այդքան զոհ չլիներ, և ես դիմում եմ ԱԱԾ–ին և դատախազությանը, որ ձերբակալեն Նիկոլ Փաշինյանին։ Այսօրվանից ես էլ հացադուլ կսկսեմ մինչև մայիսի 8-ը»,–ասաց Ավետիսյանը։
Նրա խոսքով` եթե մինչև մայիսի 8-ը` Շուշին ազատագրելու օրը, իրավապահները որևէ քայլ չձեռնարկեն, ապա պատրաստվում է ինքնահրկիզվել Հանրապետության հրապարակում ։ Ավետիսյանը նշեց` չի կարող նայել, թե ինչպես է Հայաստանը կործանվում, ավելի լավ է` չտեսնի դա։
Նրա խոսքով` քանիցս փորձել է մոտենալ Փաշինյանին, որպեսզի հարցեր ուղղի, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա սկզբին ՊԲ–ն հայտնել էր` ավագ լեյտենանտ Լևոն Միսակի Ավետիսյանն աչքի է ընկել հարևան ստորաբաժանման հրամանատարական դիտակետում շրջափակման մեջ հայտնված զինծառայողներին փրկելիս, ինչը հնարավոր է դարձել թշնամական ուժերի դեմ անմիջական մարտ վարելու և մեծ կորուստներ պատճառելու շնորհիվ: