Բայդենը փորձել է զրուցել Մակրոնի հետ, բայց Ֆրանսիայի նախագահը չի պատասխանել

Ջո Բայդենը հայտնել է, որ զրուցել է Ֆրանսիայի նախագահի օգնականների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ փորձել է զրուցել ֆրանսիացի գործընկերոջ` Էմանուել Մակրոնի հետ, բայց վերջինս զբաղված է եղել իր հաղթանակը նշելով։
«Իմ գնահատականով` Ֆրանսիայի ընտրությունները լավ են անցել։ Դա` մեկ։ Երկրորդ` ես երեկ երեկոյան փորձեցի զրուցել նրա հետ, բայց խոսեցի օգնականների հետ. նա Էյֆելյան աշտարակի մոտ էր, նշում էր»,- ասել է Բայդենը լրագրողներին։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ նախատեսում է Մակրոնի հետ զրուցել ապրիլի 25-ին։
Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին անցկացված ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով ստացել է 18 779 809 ձայն (58,6%), իսկ «Ազգային միավորում» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը՝ 13 297 728 ձայն (41,4%)։
Ֆրանսիայի նախագահն ընտրվում է հինգ տարով։ Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեին մոտ 49 մլն քաղաքացիներ։ Նախագահի ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 10-ին, որին մասնակցել են 12 թեկնածուներ։
Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի նախագահը քվեարկության արդյունքների մասին պաշտոնապես կհայտարարի ապրիլի 27-ին։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահին