ՀՀ-ն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման հանձնաժողովի կառուցվածքի շուրջ

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շուրջ։
Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։
Կողմերը քննարկել են նաև հումանիտար խնդիրների լուծման, ինչպես նաև խաղաղ բանակցությունների նախապատրաստման հետ կապված հարցեր:
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց էին ունեցել նաև ապրիլի 11-ին։