Անակնկալ ունենք. Վանեցյանը հայտնեց` ինչ է սպասվում օրվա ընթացքում

Արթուր Վանեցյան
Արթուր Վանեցյանը ներկայացրեց ապրիլի 25-ի ծրագիրը և երիտասարդներին հրավիրեց Ազատության հրապարակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որն արդեն մի քանի օր է` բողոքի ակցիա է անում Ազատության հրապարակում, ֆեյսբույքան ուղիղ եթերում հայտնեց, որ այսօր քայլերթ և իրազեկման ակցիա են իրականացնելու։
«Պայքարի երկրորդ փուլը սկսել ենք, և մեր նպատակն է ավելի շատ մարդ մոբիլիզացնել։ Դիմում եմ երիտասարդներին, որպեսզի միանան մեզ։ Մեր ավագ սերունդը անկախ Արցախ է թողել մեզ, և այսօր պատասխանատվության բեռը մեր ուսերին է»,–ասաց նա։
Վանեցյանը տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմի երկու մասնակիցները` Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանը, թեև դադարեցրել են հացադուլը, բայց Ազատության հրապարակում են։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը մանրամասնեց, որ օրվա ընթացքում իրազեկման ակցիաներ են անցկացնելու Երևանի տարբեր հատվածներում, իսկ 18։00-ին Ազատության հրապարակից քայլերթ է սկսվելու։ Երթի ավարտից հետո անակնկալ է սպասվում` հայտնի երաժիշտներից մեկը փոքր ներկայացում է ցուցադրելու Ազատության հրապարակում` այդպես հայտնելով իր աջակցությունը։
Հիշեցնենք` ապրիլի 17-ին Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։
Ապրիլի 18-ին Վանեցյանին միացան 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Իսկ «5165» շարժման անդամները ապրիլի 19-ին Ազատության հրապարակից երթ անցկացրին` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նույն օրը երեկոյան Վանեցյանի գլխավորությամբ իրազեկման քայլերթ անցկացվեց։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։