«Այլընտրանք չկա, նահանջ չկա». երթի մեկնարկին Սաղաթելյանը հայտնեց հետագա ծրագրերի մասին

Իշխան Սաղաթելյանը հայտնեց, թե աշխարհագրական որ 3 կետերից են միանալու բողոքի ակցիաներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնում է` ընդդիմադիրները վաղը Տիգրանաշենից քայլերթով կսկսեն շարժվել դեպի Երևան։
Նշենք, որ այսօր առավոտյան Իջևանից արդեն իսկ ընդդիմադիրները երթով սկսեցին դեպի Երևան շարժվել։ Իսկ այս պահին ընդդիմադիրները Կոմիտասի պողոտայում են հավաքված և իրազեկման երթ են անելու «Զարթի՛ր, լաո» կարգախոսով։

«Վաղը ժամը 11։30-ից Տիգրանաշենից քայլերթով կսկսեն շարժվել դեպի Երևան, իսկ դրանից հետո խորհրդանշական ևս երկու վայրերից` Սարդարապատից ու Բաշ Ապարանից քայլերթ կսկսվի։ Նրանք մայիսի 1-ին կհասնեն Երևան, իսկ այդ ընթացքում Երևանում կազմակերպվելու են բողոքի ակցիաներ և երթեր»,- ասաց Սաղաթելյանը։

Նա հայտնեց, որ մայիսի 1-ին՝ մինչև մարզերից եկողները կհասնեն Երևան, ընդդիմադիրները մեծ բողոքի ակցիա կանեն։
Սաղաթելյանը հայտնեց նաև, որ բոլոր քաղաքական ուժերից յուրաքանչյուրն իր բողոքը յուրովի է ձևակերպելու` ցանցային կերպով են պայքարելու։

«Այլընտրանք չկա, նահանջ չկա»,- ասաց Սաղաթելյանը։

Երթն, այսպիսով, մեկնարկեց։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ապրիլի 22-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Սկսվել ա». երիտասարդները Արաբկիրում փողոց են փակել, կան բերման ենթարկվածներ