«3+3» ձևաչափի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում. Գոնչար

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ «3+3»-ի ձևաչափը լիովին համապատասխանում է Վրաստանի շահերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. «3+3» ձևաչափի շրջանակում երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են, ընդ որում, կողմերի համաձայնությամբ, Վրաստանի համար դռները բաց են, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:
Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին, Մոսկվայում: Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել էր, որ Թբիլիսին հրաժարվում է մասնակցել տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմին:

«Ներկայումս ընթանում են «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի երկրորդ նիստի անցկացման նախապատրաստական աշխատանքները։ Դրա անցկացման վայրի և ժամկետների մասին կհայտարարվի։ Վստահ եմ, որ ձևաչափը լիովին համապատասխանում է նաև Վրաստանի շահերին, որի համար «դռները»՝ մասնակից երկրների համաձայնությամբ, մնում են բաց»,-ասել է Գոնչարը։

Նրա խոսքով` Մոսկվան ճիշտ է համարում «3+3»-ի ակտիվ գործարկումը Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների փոխգործակցության զարգացման համար։ Նման համագործակցությունը, ըստ դիվանագետի, ենթադրում է հարցերի կոլեկտիվ քննարկում, այսինքն` ոչ թե սրում են քաղաքական հակասությունները, այլ ընդհակառակը, նպաստում փոխվստահության խորացմանը:
Նա հավելել է, որ գերակա ուղղություններն են առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, նորարարական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների արդիականացման ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացումը: