Ոչ թե միջազգային հանրության, այլ մեր բանակի վրա պետք է ջանք թափենք. Շիրակի թեմի առաջնորդ

Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասում է` եթե որևէ պետություն 100 տարի չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չեն էլ ճանաչելու, ուստի պետք է մեր հարցերը մեր խելքով ու մեր ձեռքերով լուծենք։
Sputnik
Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության հարցում միջազգային հանրության կամ այլ պետությունների վրա ջանք թափելու փոխարեն, պետք է սեփական երկրի, բանակի վրա ջանք գործադրել։ Նա Գյումրու Բագրատունյաց պուրակի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին այսօր ծաղիկներ է խոնարհել։

«Մանավանդ այսքանից հետո ավելորդ` սենտիմենտալ բաների վրա, միջազգային հանրության ու այս կամ այն երկրի վրա ջանք ու եռանդ պետք չէ ծախսել։ Սեփական երկրի, բանակի վրա պետք ջանք գործադրել, եկեղեցին էլ` ամենավերջին տեղում։ Ես նկատի չունեմ անձնական սեփականությունը, այլ անանձնական, ինչի մաս են կազմում Շուշին, Քարվաճառը, Հադրութը, Կարսը, Անին, Վանը, Նախիջևանը մինչև Այնթապ ու Կիլիկիա»,- ասաց թեմակալ առաջնորդը։

Նրա խոսքով` հենց սա է ապրիլյան նահատակների կտակը ու պատգամը մեզ, որ ոչ թե թողնենք ու հեռանանք երկրից, որ հարուստ լինենք կամ էլ օտար պետությունների դռները ծեծենք, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչեն, այլ որ սեփական երկիրն ուժեղացնենք։ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասում է` եթե որևէ պետություն 100 տարի չի ճանաչել ցեղասպանությունը, չեն էլ ճանաչելու, ուստի պետք է մեր հարցերը մեր խելքով ու մեր ձեռքերով լուծենք։
Հարցին, թե մենք կարո՞ղ ուժ ենք` վերջինս նշեց, թե հարյուր տարին բավարա՞ր չէր կարող դառնալու համար. «Քանի՞ դար է պետք՝ ուժեղանալու, ազգ ու պետություն դառնալու համար. հազարամյա՞կ է պետք»։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունը։
Էթնիկ ու կրոնական հիմքով հայի նկատմամբ ատելության քաղաքականությունը շարունակվում է. ՀՀ ՄԻՊ
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։