Չավուշօղլուն ծաղրել է Ցեղասպանության տարելիցի ակցիայի մասնակիցներին

Տեսանյութը, որը հրապարակել է թուրքական middleeasteye-ի թուրք թղթակից Ռագըփ Սոյլուն, արագորեն տարածվում է համացանցում։
Sputnik
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում ծաղրել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ակցիայի հայազգի մասնակիցներին։
Նա ավտոմեքենայի պատուհանից սարկազմիկ ժպիտով ձեռքով ցույց է տվել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը խորհրդանշող ժեստը։
Իսկ փողոցում հավաքված նրան ողջունողները ծափահարել են ի պատասխան։
Տեսանյութը, որը հրապարակել է թուրքական middleeasteye-ի թուրք թղթակից Ռագըփ Սոյլուն, արագորեն տարածվում է համացանցում։
Հիշեցնենք` ֆրանսիական Լիոնի արվարձանում թուրքերն օրեր առաջ պղծել էին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Անհայտ անձինք հուշարձանի սյուների վրա գրել են A. C. A. B (All cops are bastards («Բոլոր մենթերը բ-ճ են»))։
Տեղեկություններ կան, որ դա հենց «Գորշ գայլերի» ձեռքի գործն է։ Դրանից հետո Լիոնի ՀՀ գլխավոր հյուպատոսության պատին «Գորշ գայլերը» հակահայկական նոր գրառում էին արել, որում հիշեցնում էին Հայոց ցեղասպանությունը և իրենց կազմակերպության հավատարմությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
«Գորշ գայլեր» կազմակերպությունը ստեղծվել է 1948 թվականին՝ Թուրքիայի Ազգային գործողության կուսակցության հովանու ներքո, դավանում է պանթուրքիստական և նեոֆաշիստական գաղափարախոսությունները։
Կազմակերպության գրոհայինները մեղադրվում են մի շարք սպանությունների և ահաբեկչական գործողությունների, այդ թվում՝ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի դեմ մահափորձի մեջ։
«Գորշ գայլերը»` որպես ահաբեկչական ու ազգայնական կազմակերպություն, արգելված է մի շարք եվրոպական երկրներում, այդ թվում`Ֆրանսիայում, Ավստրիայում, Գերմանիայում։
Կազմակերպության գործունեությունն արգելված է նաև ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում` ՀԱՊԿ 2016թ-ի ընդունած որոշմամբ։