Աֆղան ու եգիպտացի ակտիվիստներն ու եմենցի խաղաղարարը «Ավրորայի» այս տարվա հերոսներն են

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է 2022 թվականի հերոսների անունները
Հերոսներից մեկը հետագայում կճանաչվի 2022 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր և կստանա 1 միլիոն դոլար պարգև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է 2022 թվականի հերոսների անունները, որոնք ընտրվել են իրենց բացառիկ ազդեցության, խիզախության և իրենց կյանքը հանուն ուրիշների վտանգելու պատրաստակամության համար։

2022 թվականի հերոսներն են

• խաղաղության ակտիվիստ եւ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր, 25 տարի աֆղան կանանց կրթության հասանելիության համար պայքարող Ջամիլա Աֆղանին:
• Եգիպտացի փաստաբան, դատարանում քաղբանտարկյալների իրավունքները պաշտպանող Մահինուր էլ-Մասրին, ով մի քանի անգամ ձերբակալվել ու բանտարկվել է իր այդ գործունեության համար, բայց շարունակում է մնալ իր երկրում դրական փոփոխությունների առաջամարտիկ։
• Եմենի խաղաղության ակտիվիստ և միջնորդ-բանակցող Հադի Ջուման, ով զբաղվում է ռազմագերիների փոխանակմամբ ու առաջնագծից զոհվածների մարմինները դուրս բերելով։
«Այս ականավոր ժամանակակից հերոսները հիշեցնում են մեզ, որ նույնիսկ ամենամռայլ ժամանակներում մեր պայծառ ապագան նրանց ձեռքերում է, ովքեր հավատում են դրան և պատրաստ են ամեն ինչ անել այն պաշտպանելու համար», -այսօր կազմակերպված միջոցառման ժամանակ ասել է Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լորդ Արա Դարզին:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է 2022 թվականի հերոսների անունները
Ներկայացված հերոսներից մեկը վերջնական ընտրության արդյունքում կճանաչվի 2022 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր և կստանա 1 միլիոն դոլար մրցանակ` Հայոց ցեղասպանությունը վերապրած բոլոր մարդկանց անունից և ի երախտագիտություն նրանց փրկիչներին` ամբողջ աշխարհում մարդասիրական խնդիրները լուծելու համար։
«Ամեն տարի ակնածանքով եմ վերաբերվում այն նշանավոր հերոսներին, որոնց աջակցում է նախաձեռնությունը և նրանց աշխատանքին: Նրանք հաղթահարում են անչափելի դժվարություններ աներևակայելի հանգամանքներում, երբ բոլոր շանսերը նրանց դեմ են, և այնուամենայնիվ նրանց մարդասիրությունը, հավատը, քաջությունը թույլ են տալիս շարունակել ընթացքը: Ես իսկապես հուսով եմ, որ աշխարհը կսովորի նրանցից, և դրա արդյունքում կդառնա շատ ավելի լավ տեղ», - ասել է 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան:
2022թ.-ին «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը պաշտոնապես բացվեց 2021 թ. ապրիլի 24-ին: 633 առաջադրում է եղել 62 երկրից՝ ներառյալ ԱՄՆ–ից, Բրազիլիայից, Հայաստանից, Հնդկաստանից, Նիգերիայից, Չեխիայից, Պակիստանից, Ռուանդայից, Վրաստանից ու Ուկրաինայից: