ՌԴ օդատիեզերական ուժերի Կա-52 հարվածային ուղղաթիռների օդաչուները հարվածներ են հասցրել ուկրաինական զորքերի ռազմական տեխնիկային՝ ոչնչացնելով մեկ տանկ, հետևակի մարտական մեքենա և հենակետ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Բանակային ավիացիայի օդաչուները մարտական առաջադրանքի կատարման ընթացքում գործել են զույգերով և հրթիռային սպառազինությամբ հարվածներ են հասցրել հայտնաբերված զրահապատ տեխնիկային և զինված ուժերի քողարկված դիրքերին։ Ուղղաթիռների հարվածների արդյունքում ոչնչացվել է մեկ տանկ, հետևակի մարտական մեքենա և Ուկրաինայի զինված ուժերի ամրացված հենակետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բանակային ավիացիան հատուկ ռազմական գործողության ընթացքում իրականացնում է շարասյուների ուղեկցման, զրահատեխնիկայի ոչնչացման, դեսանտի, ռազմական բեռների տեղափոխման, հատուկ գործողության շրջանակում առաջադրանքներ կատարող ստորաբաժանումների ավիացիոն աջակցության խնդիրներ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 59-րդ օրը։