Պղնձի գներն իջել են. պատճառը Չինաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի աճն է

Չինաստանի իշխանությունները խիստ լոքդաուն են սահմանել հատկապես Շանհայում։ Սակայն արտասահմանյան ներդրողների կարծիքով` նման միջոցառումները երկար չեն կարող տևել. ձեռնարկությունները պետք է աշխատեն, ինչը նշանակում է, որ դրանք պղինձ են սպառելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Պղնձի համաշխարհային գները նվազել են Չինաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով, հաղորդում Է Mining.com կայքը։ Ներդրողները հաշվի են առնում, որ Չինաստանը կորոնավիրուսի նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականություն է վարում, ինչը նշանակում է, որ այն ձեռնարկությունները, որոնցում հիվանդներ են հայտնաբերվել, փակվում են:
Ձեռնարկությունների ժամանակավոր փակումը արդյունաբերության անկում է, հետևաբար՝ նաև պղնձի գնման անկում (Չինաստանը պղնձի խոշորագույն գնորդն էաշխարհում): Արդյունքում պղնձի համաշխարհային գները փոքր-ինչ նվազել են, բայց դեռևս շատ բարձր են մնում` մեկ տոննայի դիմաց ավելի քան 10 200 դոլար, մինչդեռ մեկ տարի առաջ 9 հազար դոլար էր, իսկ 2019-ի մարտին՝ 6 500 դոլար։
Կորոնավիրուսն ու միջուկային մրցավազքը. ինչի՞ մեջ է ԱՄՆ–ն փորձում ներքաշել Չինաստանին
Ինչպես հաղորդում է NBC հեռուստաալիքը` Շանհայի եվրոպական և ամերիկյան ձեռնարկություններում, որտեղ առավել խիստ լոքդաուններ են սահմանված, աշխատանքը շարունակում է անձնակազմի մոտ կեսը։
Պետությունը ձեռնարկություններին թույլ է տալիս աշխատել միայն այն դեպքում, եթե նրանց աշխատողները գիշերում են տարածքում և չեն շփվում հնարավոր վարակվածների հետ: Արդյունքում քաղաքում մի քանի հազար ձեռնարկություն չեն գործում։ Հաշվի առնելով Շանհայի տնտեսական նշանակությունը, արտասահմանյան ներդրողներն ակնկալում են, որ մինչև մայիս-հունիս սահմանափակումները կմեղմացվեն: