ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Անպատժելիությունը ծնում ու արդարացնում է նոր հանցագործությունները։ Այս մասին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված իր ուղերձում ասել է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
«Ապրիլի 24-ին կլրանա Հայոց մեծ Եղեռնի ոճրագործության 107-րդ տարելիցը, սակայն մինչ օրս արդարությունը վերականգնված չէ։ Վերականգնված չեն սպանված ու խեղված տղամարդկանց, կանանց ու ծերերի, որբացած երեխաների, իրենց հայրենի տնից բռնի տեղահանված հայերի, կրոնի և էթնիկ պատկանելության հիմքով անմարդկային կտտանքների և տանջանքների ենթարկվածների իրավունքները»,–գրել է օմբուդսմանը։
Նա նշել է, որ եղեռնի ականատեսներից շատերն այդ դժոխային տեսարաններն աչքի առջև մահացան, հույսով, որ գոնե ապագա սերունդներն ականատես կլինեն արդարության վերականգնմանը։
«Անառարկելի իրողությունների նկատմամբ ժխտողական քաղաքականությունը, որը Թուրքիան վարում է արդեն մեկ դարից ավել, շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտման, կանխարգելման ու հետապնդման համընդհանուր նորմեր սահմանող միջազգային իրավակարգի իրագործման համար»,–գրել է ՀՀ ՄԻՊ–ը։
Նա նշել է, որ Առաջին աշխարհամարտից հետո նոր թափ առած մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության ու արդարադատության միջազգային համընդհանուր մեխանիզմների կատարելագործմանը միտված ջանքերը շարունակում են ստվերված մնալ թուրքական պետության այս քաղաքականությամբ։
Գրիգորյանը շեշտել է, որ սրա ցավալի ու ամենաթարմ ապացույցները 2020 թվականի պատերազմի ընթացքում ադրբեջանաթուրքական տանդեմի փաստագրված հանցագործություններն են՝ ուղղված էթնիկ հայերի դեմ։
Դրա նպատակն է հայաթափել Արցախն իր բնիկ ժողովրդից, վերացնել հայկական բազմադարյա մշակույթի կոթողներն ու նմուշները, ջնջել հայկականության հետքը, անհնարին դարձնել իրենց բնօրրանում ապրող հայերի կյանքը։
Օմբուդսմանը համոզմունք է հայտնել, որ միայն հանցագործության դատապարտումը, մեղավորների պատիժն ու արդարության վերականգնումն է, որ կարող են կանխարգելել ապագայի ոճրագործությունները։
Նշենք, որ վաղը` ապրիլի 24–ին, Հայոց ցեղասպանության 107–րդ տարելիցն է։