ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել, որ իր վերընտրման դեպքում կրկին զրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Ֆրանսիայի առաջնորդը հայտարարել է France Inter հեռուստաալիքի եթերում։
«Բոլորովին չեմ բացառում, որ կրկին Վլադիմիր Պուտինի հետ զրույց կանցկացնեմ։ Սակայն սկզբում կզրուցեմ նախագահ Զելենսկու հետ», – ասել է Մակրոնը` անդրադառնալով երկրի նախագահի պաշտոնում իր վերընտրման դեպքում հնարավոր բանակցություններին։
Մակրոնի խոսքով` ինքը չի ուզում վերջնական խզել հարաբերությունները Մոսկվայի հետ «գոնե այն պատճառով, որ փորձի մարդասիրական հասանելիություն ունենալ Մարիուպոլում»։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկին չէր հաջողվել հավաքել քվեների մեծամասնությունը։ Ապրիլի 10-ին կայացած քվեաթերթիկների հաշվարկի համաձայն` գործող նախագահ Էմանուել Մակրոնը հավաքել էր ձայների 27,8%–ը, իսկ Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լե Պենը` 23,1%։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին։