Կառավարությունը որոշել է վերստուգել ՀԷՑ-ում ու «Գազպրոմ Արմենիայում» կատարված ներդրումները

«Գազպրոմ Արմենիա». Արխիվային լուսանկար
Աուդիտի իրականացման համար բյուջեից ՀԾԿՀ-ին տրամադրվում է 144 մլն դրամ։ Աուդիտը պատվիրվելու է անկախ մասնագիտական կազմակերպության` բաց մրցույթի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է աուդիտ իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ներում` պարզելու 2021 թվականի ընթացքում իրականացրած ներդրումների իսկությունը։
Նման առաջարկով կառավարությանը դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և գործադրի այսօրվա նիստում ստացել վերջինի համաձայնությունը։

«Նախագծի ընդունումը կարևորվում է սակագներում ներառման ենթակա ներդրումների օգտակար և օգտագործվող ծավալի որոշման, ներդրումների արդյունավետության գնահատման, այդ համատեքստում անարդյունավետ և ոչ հիմնավոր ներդրումների ծավալի բացահայտման և վերհանման առումով՝ սակագներում դրանք չներառելու սկզբունքից ելնելով»,- ասված է կառավարության կայքում հրապարակված որոշման հիմնավորումներում։

Աուդիտի իրականացման համար բյուջեից ՀԾԿՀ-ին տրամադրվում է 144 մլն դրամ, որից 66 մլն-ը` ՀԷՑ–ում, 78-ը` «Գազպրոմ Արմենիայում» աուդիտի անցկացման համար։
Աուդիտը ՀԾԿՀ-ը չի անցկացնելու, այլ պատվիրելու է անկախ մասնագիտական կազմակերպության` բաց մրցույթի միջոցով։
Նշենք, որ ՀԾԿՀ-ի մասին օրենքի համաձայն՝ հանձնաժողովը պարտավոր է իրականացնել էներգետիկայի բնագավառի կարգավորվող ընկերությունների կողմից իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ ներդրումային ծրագրերի ուսումնասիրություն և համաձայնեցում, ընկերությունների ներդրումային գործունեության վերլուծություն: