Արցախի նախագահը թույլատրել է Ցեղասպանության օրը միջոցառումներ անցկացնել

ԱՀ հրամանագիրը տարածվում է նաև Ցեղասպանության հիշատակի օրվան նախորդող միջոցառումների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, որով թույլատրել է Ցեղասպանության հիշատակի օրը միջոցառումներ անցկացնել։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` կատարվել է լրացում 2022 թվականի մարտի 26-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին» հրամանագրում»,–ասվում է հրամանագրում:
Ըստ հրամանագրի՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը չի տարածվում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 2022 թվականի ապրիլի 23-ին և 24-ին անցկացվելիք միջոցառումների վրա:
Հիշեցնենք` մարտի 25–ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր էր ստորագրել, որով ռազմական դրության պայմաններում սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը, արգելվում են գործադուլները, կասեցվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը։
Հավելենք, որ ռազմական դրությունն Արցախում գործում է 1992 թվականից։ Արցախի Ազգային ժողովի համապատասխան որոշումներով այն երկարաձգվել ու գործել է մինչև 2005 թվականը, իսկ 2005 թվականից, արդեն, ռազմական դրությունն անժամկետ է գործում։