Ապակենտրոն և ցանցային տեխնոլոգիաներն էֆեկտիվ են. Վիգեն Հակոբյանը՝ Վանեցյանի ակցիայի մասին

Քաղտեխնոլոգը կարծում է՝ եթե ավելի ակտիվ օրակարգ լինի ընդդիմության կողմից, Ազատության հրապարակում գտնվողների քանակը կբազմապատկվի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ապակենտրոն պայքարի իմաստն այն է, որ ուժայինները չհասցնեն տարբեր վայրերում ճնշել ակցիայի մասնակիցներին: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Ապակենտրոն և ցանցային տեխնոլոգիաներն էֆեկտիվ են որպես տեխնոլոգիա, սակայն հարցն այն է, որ պետք է կարողանաս այն իրականացնել: Այն հստակ կոորդինացիա է պահանջում՝ քարոզչության, ժամանակային առումով: Այն նաև համապատասխան ունակություններ է պահանջում, որը կարող են ձեռք բերվել որոշ ժամանակ թրեյնինգներ անցնելով»,-ասաց Հակոբյանը:
Նրա խոսքով՝ միայն միամիտն է կարծում, որ հեղափոխությունների հիմնական դերակատարումը փողոցում հանկարծ հայտնված ժողովուրդն է. լինում են կառույցներ, որոնք սկսում են դա, հետո ժողովուրդն է միանում, իսկ վերջում հրամցնում են այնպես, որ դա հենց ժողովուրդն ինքն է արել:
Հակոբյանը կարծում է՝ եթե ավելի ակտիվ օրակարգ լինի ընդդիմության կողմից, Ազատության հրապարակում գտնվողների քանակը կբազմապատկվի: Իսկ իշխանությունն այս դեպքում մեկ անելիք ունի՝ ուժայինների միջոցով կասեցնել ամեն ինչ:
Քաղտեխնոլոգը նշում է՝ 1988-ից հետո Արցախը երբեք այսքան մեծ ռեսուրսով չի ցույց տվել, որ դեմ է ՀՀ իշխանության մոտեցումներին. «Ինչ-որ շրջանակներ ակտուալիզացնում են նաև ԼՂ-ն Ռուսաստանի կազմում ներառելու հարցը, եթե այլընտրանքը լինի ԼՂ-ն Ադրբեջանի կազմ մտցնելը»:
Հակոբյանը հավելեց, որ, ըստ էության, խոսքը կարող է գնալ երկրորդ ղարաբաղյան շարժման մասին, եթե այլ ճար չլինի:
Հիշեցնենք` ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։
Ապրիլի 18-ից Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Վերջիններս անժամկետ հացադուլ են սկսել։