Վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել․ ԱԻՆ-ը՝ ինքնաթիռում ռումբի ահազանգի հետքերով

«Զվարթնոց». Արխիվային լուսանկար
Սա առաջին անգամ չէ, երբ կեղծ ահազանգ է ստացվում ինքնաթիռում տեղադրված ռումբի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Փրկարարներն իրականացրել են ուղեբեռների զննման աշխատանքներ․ վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբի տեղադրման մասին ահազանգը ստացվել էր 16։10-ի սահմաններում։ Մեր տեղեկություններով՝ ահազանգը վերաբերում էր «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռին։
Մարդիկ տարհանվել էին։ Դեպքի վայր էին ժամանել հրշեջ-փրկարարներ, ինժեներասակրավորներ, ԱԻՆ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Հավելենք, որ ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ էր ստացվել նաև շուրջ մեկ ամիս առաջ` մարտի 22-ին։ Այդ օրը ժամը 17։42-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն էր ստացել, որ Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայանից չվերթ իրականացնող ինքնաթիռում, որը Երևանում վայրէջք է կատարել ժամը 18:20-ին, ռումբ կա տեղադրված:
Տեղազննման արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել: