Պուտինը նպատակահարմար չի համարել «Ազովստալը» գրոհելը և բացատրել է պատճառը

Ռուսաստանի առաջնորդը կարծում է, որ պետք է ամբողջովին սեղմ օղակի մեջ առնել արդյունաբերական գոտին «Ազովստալում»` գրոհից և մեծ կորուստներից խուսափելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աննպատակահարմար է համարել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի գրոհը, որտեղ արգելափակված է շուրջ 2 հազար ուկրաինացի զինվորական։
Կրեմլում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ղեկավարը գրոհի չեղարկումը բացատրել է ռուս զինվորականների կյանքը պահպանելու նկատառումներով:
Նրա խոսքով ՝ պետք չէ ստորգետնյա թունելներ մտնել, այլ պետք է արդյունաբերական գոտին շրջափակել այնպես, որ «ճանճ անգամ չանցնի»:

«Արդյունաբերական գոտու՝ առաջարկվող գրոհը համարում եմ ոչ նպատակահարմար։ Հրամայում եմ չեղարկել»,- ասել է Պուտինը։

Միաժամանակ, նա հերոս է անվանել այն զինվորականներին, որոնք մասնակցել են Մարիուպոլի ազատագրմանը։
Ավելի վաղ Շոյգուն ՌԴ նախագահին հայտնել էր, որ Մարիուպոլն ընդհանուր առմամբ ռուսական զինուժի վերահսկողության տակ է, սակայն մետալուրգիական գործարանում շարունակում են գրոհայիններ մնալ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 57-րդ օրը։