Մհեր Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը տրանսպորտային ապաշրջափակման հարցն են քննարկել

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին
ՀՀ փոխվարչապետն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման թեմային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացման՝ տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:

«Փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը՝ կարևորելով այս գործընթացը որպես տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդման երաշխիք»,– նշված է հաղորդագրության մեջ:

Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, ինչպես նաև 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը երկաթուղու վերագործարկման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի հետ կապված հարցեր:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Հիշեցնենք, որ Գրիգորյանի ու Կլաարի նախորդ հանդիպումը կայացել էր փետրվարին։
Տոյվո Կլաարը զրուցել է Արմեն Գրիգորյանի ու Իլհամ Ալիևի օգնականի հետ