Մահացել է Էջմիածնի դրոշի և զինանշանի հեղինակը` Արշակ Մանուկյանը

Մանուկյանի շատ աշխատանքներ գտնվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Սիրիայում, Ֆրանսիայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Կյանքի 66-րդ տարում մահացել է Էջմիածնի դրոշի ու զինանշանի հեղինակը` ոսկերիչ, արծաթագործ Արշակ Մանուկյանը։ Տեղեկությունը հայտնում է Էջմիածնի քաղաքապետարանը։
Մանուկյանը նաև Էջմիածնի պատվավոր քաղաքացի էր։
«Արշակ Մանուկյանը մեր համայնքի երախտարժան այրերից էր, հայրենիքում և սփյուռքում մեծ ճանաչում գտած ժողովրդական վարպետ, զարդարվեստի յուրահատուկ բազմաթիվ աշխատանքների հեղինակ։ Այդ թվում հեղինակել է «Էջմիածին» լանջաշղթան, որը համայնքի նորընտիր ղեկավարները կրում են պաշտոնամուտի երդմնակալության արարողության ժամանակ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ 2002 և 2003 թվականներին Մանուկյանը մասնակցել է ոսկերիչների 5-րդ և 6-րդ միջազգային ցուցահանդեսներին, արժանացել «Հոգևոր թեմաներով լավագույն աշխատանքների համար» դիպլոմի:
Վարպետի աշխատանքներից շատերը գտնվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Սիրիայում, Ֆրանսիայում և այլուր: