Եթե Թուրքիան նախապայմաններ առաջ քաշի, Հայաստանը կդադարի բանակցել. Խաչատրյան

Վիգեն Խաչատրյանը նաև նշեց, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը դեռ չի նշանակում, թե Հայաստանը դադարելու է խոսել Ցեղասպանությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Եթե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում նախապայմաններ առաջ քաշի, Հայաստանը կդադարեցնի շփումները։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը` մեկնաբանելով Արցախի ու Ադրբեջանի հարցում թուրքական կողմի դիրքորոշումը։

«Թուրքիան ուղղակի ասում է, որ Հայաստանի հետ իր հարաբերությունները կարգավորելիս հաշվի է նստելու Ադրբեջանի կարծիքի հետ։ Դա իր խնդիրն է, ում հետ ուզում է` հաշվի նստի։ Բայց մենք ասում ենք` առանց նախապայմանների, ինքն ասում է` այո՛, առանց նախապայմանների։ Երբ որ կլինի նախապայման, կդադարեցվեն շփումները»,- ասաց պատգամավորը։

Նա նաև վստահեցրեց, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում նույնպես Արցախի հարցը չի քննարկվում։
«Նրանք քննարկում են ոչ թե նախապայմաններ, նրանք քննարկում են` ինչպես ձևավորել աշխատանքային խմբեր, որոնք կնախապատրաստեն բանակցություններ։ Բանակցությունները կվերաբերեն հարաբերությունների հաստատմանը, սահմանների բացմանը` առանց նախապայմանների»,- ասաց նա։
Վիգեն Խաչատրյանը նաև նշեց, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբեությունների հաստատումն ու սահմանների բացումը դեռ չի նշանակում, թե Հայաստանը դադարելու է խոսել Ցեղասպանությունից։ Նրա խոսքով` Ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանի դիրքորոշումը անկախության 30 տարիների ընթացքում չի փոխվել։
Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն առաջին անգամ հանդիպել են Մոսկվայում` հունվարի 14-ին։ Երկրորդ հանդիպումը եղել է փետրվարի 24-ին` Վիեննայում։