Առաջիկա օրերին ականատես կլինեք ավելի լայնածավալ բողոքի ակցիաների. Վանեցյան

Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ ճանապարհային քարտեզ կա, ըստ որի՝ պայքարը շարունակելու են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ազատության հրապարակում ակցիա իրականացնող ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ առաջիկա օրերին ականատես կլինեք ավելի լայնածավալ բողոքի ակցիաների՝ ավելի կոնկրետ գործողություններով: Նա լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ու նշեց, որ առաջին փուլում ինչ նպատակ դրել են՝ հարյուր տոկոսով կատարել են:
«Ազատության հրապարակ են գալիս մարդիկ, որոնք երբեք հանրահավաքի չեն մասնակցել, գալիս են հանրահավաքի, քանի որ գիտեն՝ սա պայքար է հանուն Արցախի և Հայաստանի: Ինչ վերաբերում է մնացած ուժերի կողմից պայքար սկսելուն, ապա ամբողջ ճանապարհային քարտեզը կա, և մեր ընդդիմադիր գործընկերների հետ մշտապես կապի մեջ ենք»,- ասաց Վանեցյանը:
Նրա խոսքով՝ ապակենտրոն ցանցային պայքար են իրականացնելու: Վանեցյանը նշեց՝ այս օրերին սոցցանցերում իշխանությունների «ֆեյք-բանակն» է ակտիվացել՝ Վանեցյանի անունով կեղծ էջեր են բացում և սուտ լուրեր տարածում:
Իսկ հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում սոցցանցերում իշխանամերձ հատվածներից հնչող սպառնալիքներին, թե պետք է Վանեցյանին կոչումներից զրկել, «տանել-փակել»՝ վերջինս արձագանքեց, թե գլուխները «պատին են տալիս»:
«Այդ կոչումներն իրենց հոր տնից չեն բերել, դրանց ես արժանացել եմ իմ ծառայության համար: Եթե իմ նկատմամբ հնարավոր լիներ օրինական ձևով քրգործ հարուցել, հավատացե՛ք, արդեն իսկ արած կլինեին»,- ասաց Վանեցյանը:
Հիշեցնենք` ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։
Ապրիլի 18-ից Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Վերջիններս անժամկետ հացադուլ են սկսել։
Իսկ «5165» շարժման անդամները ապրիլի 19-ին Ազատության հրապարակից երթ են անցկացրել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նույն օրը երեկոյան իրազեկման քայլերթ է անցկացվել Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։