ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Կորոնավիրուսային հիվանդության ներկա համաճարակաբանական իրավիճակը վերջին շրջանի արդյունքներով դրական դինամիկա է արձանագրել: ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տեղեկանում ենք կառավարության կայքից:
Ավանեսյանը ներկայացրել է Երևան քաղաքում և մարզերում կորոնավիրուսային հիվանդության ներկա համաճարակաբանական իրավիճակը, հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը: Նախարարն ընդգծել է, որ ժամանակը պետք է օգտագործել և շարունակել պատվաստման գործընթացը՝ նոր ալիքի բռնկման դեպքում մահացության բարձր ցուցանիշներից զերծ մնալու համար։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ի դրությամբ կատարվել է 2 152 657 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1 120 804, երկրորդ դեղաչափ` 987 513, բուստեր` 41 187: