Ողբերգական դեպք Գյումրիում. 6–ամյա աղջիկ երեխա է մահացել

Գյումրու Ավստրիական հիվանդանոցը. Արխիվային լուսանկար
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Գյումրիում երեկ` ապրիլի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել` 6-ամյա աղջիկ երեխա է մահացել։ Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, ժամը 19։00–ի սահմաններում երեխան մահամերձ վիճակում տեղափոխվել է Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։
«Բժիշկներին բավական մեծ ջանքերի շնորհիվ երեխայի սիրտը սկսել է բաբախել: Ծայրահեղ ծանր վիճակում է եղել: Արհեստական շնչառության սարք է միացվել , պատրաստել էինք սանավիացիան ու անում ենք հնարավորինս ամեն ինչ, սակայն 3-4 ժամ անց սրտի կանգ է գրանցվել: 1 տոկոս շանս էր երեխային կյանքի բերելու, բայց ցավոք սիրտը կանգ տվեց»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Վարձելյանը:
Նրա խոսքով` կա նախնական վարկած, որ եղել է շմոլ գազի թունավորում, որովհետև նաև երեխայի մայրն է իրեն վատ զգացել։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 279 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշերով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ):
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։