ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. «Իզվեստիա» թերթը հրապարակել է ուկրաինացի մշակութային գործիչների ցանկը, որոնց արգելվում է մուտք գործել Ռուսաստան, ընդ որում` արգելքը սահմանվել է 50 տարով։
Ցանկում ընդգրկվել են երգչուհի Սվետլանա Լոբոդան, «Օկեան Էլզի» խմբի մեներգիչ Սվյատոսլավ Վակարչուկը, արտիստ Անդրեյ Դանիլկոն, որը հանդես է գալիս Վերկա Սերդյուչկա կեղծանունով, Դմիտրի Մոնատիկը, Ալեքսեյ Պոտապենկոն և Անաստասիա Կամենսկիխը և այլք։
Երաժիշտներից բացի, ցուցակում նաև ուկրաինացի դերասաններ, բլոգերներ և հեռուստահաղորդավարներ կան։
Ավելի վաղ թերթը հայտնել էր, որ 50 տարով արգելվել է նախկին հաղորդավար, բլոգեր Անտոն Պտուշկինի մուտքը Ռուսաստան։ Արգելքի պատճառը, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունը քննադատելն է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 56-րդ օրը։