Ռուսաստանն իրականացրել է «Սարմատ» միջմայրցամաքային հրթիռի առաջին արձակումը

Նոր հրթիռը կարող է մեծ հեռահարության վրա թիրախներ խոցել՝ թռիչքի տարբեր հետագծեր օգտագործելով։
Sputnik
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ռուսաստանում պետական փորձարկումների շրջանակում անցկացվել է «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին արձակումը։
Այնտեղ պարզաբանել են, որ «տվյալ արձակումն առաջինն է պետական փորձարկումների ծրագրում»։
ՊՆ-ում նշել են, որ ծանր դասի հեռանկարային հրթիռի թռիչքային փորձարկումները թույլ են տվել գնահատել «Սարմատ» հրթիռային համալիրի ստեղծման ժամանակ տեղադրված գծագրական-կոնստրուկտորական ու տեխնիկական լուծումների ճշտությունը:
«Փորձարկումների ծրագրի ավարտից հետո «Սարմատ» հրթիռային համալիրը մատակարարվելու է ռազմավարական նշանակության հրթիռային զորքերին», - ավելացրել են գերատեսչությունում:
ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ «Սարմատի մարտական սարքավորումների տեսականին » արմատապես ընդլայնվել է ինչպես բլոկների թվով, այնպես էլ տեսակներով, ներառյալ՝ հիպերձայնը։
Այնտեղ նաև նշել են, որ «նոր հրթիռը կարող է մեծ հեռավորության վրա թիրախներ խոցել՝ թռիչքի տարբեր հետագծեր օգտագործելով»: Բացի այդ, ՊՆ-ում ընդգծում են, որ «Սարմատ» հրթիռն ունի եզակի հատկանիշներ, որոնք դրան թույլ են տալիս երաշխավորված կերպով հաղթահարել հակահրթիռային պաշտպանության գոյություն ունեցող ու հեռանկարային ցանկացած համակարգ։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ցուցադրել է Վլադիմիր Պուտինին «Սարմատի» առաջին արձակումը: Նախագահը գոհ է մնացել ու նշել է, որ այդ հրթիռային համալիրը կապահովի Ռուսաստանի անվտանգությունն ու կստիպի մտածել նրանց, ովքեր փորձում են սպառնալ Ռուսաստանին։
Նախարարության խոսքով՝ այսօրվա դրությամբ «Սարմատը» ամենահզոր հրթիռն է՝ աշխարհում ամենամեծ թիրախների խոցման հեռահարությամբ, ինչը զգալիորեն կուժեղացնի Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերի մարտական հզորությունը:
«Սարմատ» հեռանկարային հրթիռային համալիրը կփոխարինի «Վոյեվոդա» միջմայրցամաքային հրթիռին: «Սարմատը» բացառապես ռուսական արդյունաբերության կոոպերացիայի արտադրանքն է։