Հայաստանի և ՌԴ-ի միջև միջխորհրդարանական համագործակցությունը հաջող է զարգանում. Մատվիենկո

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ (20 ապրիլի, 2022թ). Մոսկվա
Մատվիենկոն նշում է, որ խորհրդարանական փոխգործակցությունը նպաստում է երկկողմ պայմանավորվածությունների իրականացմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի– Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցությունը շատ հաջող է զարգանում: Այս մասին հայտարարեց ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Նա նշեց, որ Հայաստանի վարչապետի այս այցը նվիրված է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ նախօրեին լուրջ և բովանդակալից բանակցություններ են վարել, ստորագրել են փաստաթղթերի պատկառելի փաթեթ, որը վկայում է հարաբերություններն ընդլայնելու և խորացնելու երկրներ փոխադարձ ցանկության մասին:
«Մենք միջխորհրդարանական համագործակցությունը համարում ենք միջպետական հարաբերությունների կարևոր մաս: Այս համագործակցությունը հաջողությամբ է զարգանում. դուք հասկանում եք, թե որքան կարևոր է զարգացնել խորհրդարանական փոխգործակցությունը, որը նպաստում է երկկողմ պայմանավորվածությունների իրականացմանը»,-ասաց Մատվիենկոն։
Նա նաև նկատեց, որ միջխորհրդարանական հանձնաժողովը հաջող է աշխատում: Ավելին, ապրիլի 21-ին ռուս պատգամավորները կժամանեն Երևան՝ մասնակցելու հանձնաժողովի 34-րդ նիստին։ Այս համատեքստում Մատվիենկոն նշեց, որ լավ հարաբերություններ է ունեցել խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ և ջերմ հարաբերություններ է պահպանել նախկին խոսնակ, իսկ այժմ արտգործնախարար Արարատ Միրոզյանի հետ:
«Նոր ընկերներ ձեռք բերելով, մենք չենք կորցնում մեր հին ընկերներին և շատ բարձր ենք գնահատում բարեկամական հարաբերությունները, ինչը նպաստում է գործարար շփումների զարգացմանը»,-ասաց նա:
Իր հերթին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ 30 տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել: Նա հիշեցրեց, որ դաշնակցային գործընկերությունը և 30-ամյակը լավ առիթ են վերլուծելու տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ դրամատիկ: Փաշինյանի խոսքով՝ պետք է հասկանալ, թե որտեղ է հաջողվել հասնել ցանկալի արդյունքների, իսկ որտեղ՝ ոչ և այդ ֆոնի վրա համատեղ նախագծեր պլանավորել: Այս համատեքստում ՀՀ վարչապետը շեշտեց միջկառավարական կապերի առանցքային դերը։
Նա նշեց, որ արդեն այս տարին հոբելյանական է ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է, ՀԱՊԿ-ի 30-ամյակը, Բարեկամության մասին համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակը: Այս համատեքստում Փաշինյանը հաջողված է համարում նաև ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում համագործակցությունը:
«Նույնիսկ ամենաարդյունավետ ձևաչափերում միշտ պետք է մտածել, թե ինչպես աշխատանքն ավելի արդյունավետ անել, քանի որ 21-րդ դարում ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, որոնց պետք է դիմակայել»,-ասաց վարչապետը:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով է մեկնել ՌԴ։ Ապրիլի 19-ին նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես են եկել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համատեղ հայտարարությամբ։
Փաշինյանն այցելելու է նաև Նիժնի Նովգորոդ: