ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կանխատեսում է, որ մինչև 2022 թվականի վերջ ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրում ազգային արժույթով հաշվարկների մասնաբաժինը կավելանա մինչև 85% և բարձր։ Բելտայի փոխանցմամբ` այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԵՏՀ–ի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։
«Փոխադարձ առևտրում հաշվարկներ իրականացնելիս ազգային արժույթի կիրառման ընդլայնումը միության պետությունների տնտեսությունների կայունությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումներից մեկն է», – ընդգծել է Իյա Մալկինան։
Նրա խոսքով` ներքին փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթով վճարումներն աստիճանաբար ավելանում են` 2013 թվականի 63%–ից վերջին տվյալներով հասել են 74%–ի։ Միևնույն ժամանակ դոլարի մասնաբաժինը նվազել է 2013 թվականի 30%–ից մինչև 19%` 2021 թվականի համաձայն։ Հաշվարկների մեծ մասն իրականացվում է ռուբլով։
«Գործնական մի շարք քայլեր արդեն իսկ իրականացվել են։ Օրինակ` Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարել ռուբլով, ռուբլով նավթի ու գազի դիմաց վճարման անցնելու մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն», – նշել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչը։
Մալկինայի խոսքով` էներգետիկ ռեսուրսները փոխադարձ առևտրում զգալի մաս են կազմում։ Եթե հաշվարկներում ազգային արժույթի անցումը հաջողությամբ պսակվի, հանձնաժողովի գնահատականների համաձայն, դրանց մասնաբաժնի աճ կարելի է ակնկալել մինչև 85% կամ ավելի բարձր։