Բրիտանիայի դատարանը Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու օրդեր է տվել

Արտահանձնման մասին վերջնական որոշումը պետք է կայացնի Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Պատելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Լոնդոնի Վեսթմինսթերյան մագիստրոսական դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու օրդեր է տվել: ԱՄՆ-ում նրան 175 տարվա ազատազրկում է սպառնում:

«Մեծ Բրիտանիայում դատավորը որոշել է Ջուլիան Ասանժին արտահանձնել ԱՄՆ-ին, որտեղ նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում»,- ասվում է Twitter-ում WikiLeaks-ի հաղորդագրության մեջ:

Արտահանձնման թույլտվություն տալու մասին որոշումը կայացվել է դեռևս ապրիլի 2-ին։ Այժմ արտահանձնման վերջնական որոշումը պետք է կայացնի Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Պատելը:
Ասանժի պաշտպանական կողմը կարող է իր փաստարկները ներկայացնել մինչև մայիսի 18-ը։
Ասանժի կողմնակիցները կարծում են, որ երկու տարվա դատական քաշքշուկներից հետո Ասանժի ճակատագիրը նորից փոփոխվում է քաղաքական որոշմամբ:
Ջուլիան Ասանժը, որին 2010 թվականին Շվեդիայում սեռական ոտնձգությունների և բռնաբարության մեղադրանք էր ներկայացվել, 2012 թվականի հունիսից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ վախենալով արտահանձնումից: 2019 թվականի ապրիլի 11-ի առավոտյան նրան ձերբակալեցին ԱՄՆ-ի պահանջով։
Ջուլիան Ասանժն ու Ստելլա Մորիսն ամուսնացել են Բելմարշ բրիտանական բանտում. լուսանկար
Լոնդոնի Բարձր դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 10-ին բավարարեց ԱՄՆ-ի բողոքը նախկին որոշման դեմ, որն արգելում էր արտահանձնումը. դատարանին բավարարել էին այն երաշխիքները, որոնք ԱՄՆ-ն տրամադրել էր բրիտանական կողմին: Լսումը սահմանափակվում էր այն հարցով, թե արդյոք Լոնդոնի կենտրոնական քրեական դատարանի դատավորը սխալվում էր իր դատողություններում, որ Ասանժը ԱՄՆ արտահանձնման դեպքում կարող է ինքնասպանություն գործել:
Դատարանը բավարարել էր ԱՄՆ-ի բողոքարկումը և վճռել, որ գործը պետք է փոխանցվի Վեսթմինսթերի մագիստրատական դատարան՝ նշելով, որ շրջանային դատավորը գործն ուղարկի պետնախարարին, որը որոշում կկայացնի, թե արդյոք պետք է Ասանժին արտահանձնել ԱՄՆ-ին: Ասանժը դեկտեմբերի վերջին խնդրագիր էր ներկայացրել այդ որոշումը բողոքարկելու հնարավորության մասին, 2022 թվականի հունվարի վերջին դատարանը թույլատրել էր բողոքարկումը։