Առաջին այցը Պետդումա. Փաշինյանն ու Վոլոդինը քննարկել են հայ–ռուսական համագործակցությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ
ՀՀ կառավարության ղեկավարի հետ բանակցությունների ժամանակ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ խորհրդարանական տիրույթում Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխգործակցությունը բավական ակտիվ է ընթանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ և քննարկել երկկողմ համագործակցության հարցեր։ Այս մասին հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ սա Պետդումա ՀՀ վարչապետի առաջին այցն է։
«Ձեր այցը միանշանակ կանդրադառնա մեր խորհրդարանների հարաբերությունների զարգացման վրա», –Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Վոլոդինը։
Պետդումայի նախագահի խոսքով` Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությունը խորհրդարանական տիրույթում բավական ակտիվ է։ Դրան նպաստում է երկու երկրների միջև առկա վստահությունը։
«Ձեր աջակցությամբ միջխորհրդարանական երկխոսությունն ավելի ակտիվ կզարգանա, և մենք ավելի լավ կհասկանանք միմյանց», – հավելել է Վոլոդինը։
ՀՀ վարչապետն իր հերթին նշել է, որ նման շփումը երկու երկրների հարաբերություններին նոր խթան է հաղորդում։
«Համոզված եմ, որ մեր միջխորհրդարանական կապերը կզարգանան», – ասել է Փաշինյանը։
Նա նաև Պետդումայի նախագահին վստահեցրել է, որ աջակցելու է ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ ԱԺ–ի միջև միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին։
Վոլոդինն իր կողմից առաջարկել է ՀԱՊԿ ԽՎ–ի նիստն անցկացնել Հայաստանում` քննարկելու համար ընթացիկ օրակարգի հարցեր։
Բացի այդ, Պետդումայի նախագահը Փաշինյանին հրավիրել է հաջորդ այցի ժամանակ ելույթ ունենալ Պետդումայի պատգամավորների առաջ լիագումար նիստի ընթացքում։
Հայաստանի և ՌԴ-ի միջև միջխորհրդարանական համագործակցությունը հաջող է զարգանում. Մատվիենկո
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով է մեկնել ՌԴ։ Ապրիլի 19-ին նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես են եկել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համատեղ հայտարարությամբ։
Փաշինյանն այցելելու է նաև Նիժնի Նովգորոդ: