30 տարիների ընթացքում մեր հարաբերությունները զարգացում են ապրել. Փաշինյանը՝ Մատվիենկոյին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը (20 ապրիլի, 2022թ). Մոսկվա
ՀՀ վարչապետը նշել է, որ պետք է հասկանալ, թե որտեղ է հաջողվել հասնել ցանկալի արդյունքների, իսկ որտեղ՝ ոչ, և այդ ֆոնի վրա համատեղ նախագծեր պլանավորել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի հետ դաշնակցային գործընկերությունը և դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը լավ առիթ են` վերլուծելու տեղի ունեցած իրադարձությունները: ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«30 տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել: Պետք է հասկանալ, թե որտեղ է հաջողվել հասնել ցանկալի արդյունքների, իսկ որտեղ՝ ոչ, և այդ ֆոնին համատեղ նախագծեր պլանավորել: Այս առումով կարևոր է միջկառավարական կապերի առանցքային դերը»,-ասաց վարչապետը:
Նա նշել է, որ արդեն այս տարին հոբելյանական է ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է, ՀԱՊԿ-ի 30-ամյակը, Բարեկամության մասին համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակը: Այս համատեքստում Փաշինյանը հաջողված է համարում նաև ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում համագործակցությունը:
«Նույնիսկ ամենաարդյունավետ ձևաչափերում միշտ պետք է մտածել, թե ինչպես աշխատանքն ավելի արդյունավետ անել, քանի որ 21-րդ դարում ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, որոնց պետք է դիմակայել»,-ասաց վարչապետը:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով է մեկնել ՌԴ։ Ապրիլի 19-ին նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես են եկել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համատեղ հայտարարությամբ։
Փաշինյանն այցելելու է նաև Նիժնի Նովգորոդ: