ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցներն Ուկրաինայում ոչնչացրել են երկու հրթիռ և կործանիչ։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Դոնեցկի մարզի Մալինովկա բնակավայրի շրջանում ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներով ՄիԳ-29 կործանիչ է խոցվել, իսկ Պետրոպոլիե ու Մալայա Կամիշևախա բնակավայրերի շրջաններում ուկրաինական «Տոչկա-Ու»-ի մարտավարական երկու հրթիռ են որսացել»,- ասել է Կոնաշենկովը:
Բացի այդ, Մարյինկա, Կամենկա, Սեմյոնովկա ու Սինիչինո բնակավայրերի շրջաններում ոչնչացվել է ուկրաինական չորս անօդաչու թռչող սարք:
Գեներալի խոսքով՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը գիշերը բարձր ճշգրտության հրթիռներով ճնշել են ուկրաինական զորքերի ստորաբաժանումների 13 հենակետները, ինչպես նաև կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կուտակումները:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան հարվածներ է հասցրել Ուկրաինայի 60 ռազմական օբյեկտների։ Չերվոնայա Պոլյանա ու Բալակլեա բնակավայրերի շրջաններում ոչնչացվել են «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռների գլխամասերի պահպանման երկու պահեստները», - ասել է Կոնաշենկովը:
Ռազմական գործողության մեկնարկից ի վեր ՌԴ հրթիռային զորքերն ու հրետանին հարվածներ են հասցրել Ուկրաինայի 1 260 ռազմական օբյեկտների, խոցվել են կառավարման 25 կետեր, հրթիռահրետանային սպառազինության երկու պահեստ, «Բուկ-Մ1» զենիթահրթիռային երկու կայան և հակառակորդի ուժերի կենտրոնացման 1214 կետեր:
Ռուսական զորքերը ոչնչացրել են ավելի քան 4500 միավոր տանկ, մարտական զրահապատ մեքենաներ ու հատուկ ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 55-րդ օրը։