ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները վնասազերծել են մեկ հրետանային դիրք։ Այս մասին հայտնում է խաղաղապահների Telegram ալիքը։
«Այսօր ինժեներական աշխատանքների իրականացման ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբը հրետանային դիրք է վնասազերծել Ճարտար գյուղի շրջանում։ Ընդհանուր առմամբ ոչնչացվել է երկու 152 մմ-անոց հրետանային զենք և 60 զինամթերք»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ` Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու ընթացքում զորակազմի ինժեներա-սակրավորական խմբերը չպայթած ականներից և արկերից մաքրել են 2 369,8 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1 937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 262 պայթուցիկ առարկա:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: