ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ հակառուսական պատժամիջոցները, սկսում են իրենց ազդեցությունը թողնել Ճապոնիայի անշարժ գույքի շուկայի վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ճապոնական «Ասախի» պարբերականին։
Մասնավորապես, դժվարությունները կապված են ալյումինի համաշխարհային գների, ինչպես նաև փայտանյութի և անտառանյութի գների սրընթաց աճի հետ։
Ճապոնիայի բանկի տվյալների համաձայն՝ այս տարվա մարտ ամսին փայտանյութի գները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 60 տոկոսով բարձրացել են:
«Դրա հիմնական պատճառը, այսպես կոչված, «փայտե շոկն է», որը պայմանավորված է կոնտեյներային մատակարարումների անբավարար ծավալներով, ինչպես նաև ԱՄՆ-ում փայտանյութի պահանջարկի վերականգնմամբ։ Նաև «ուկրաինական շոկի» ազդեցությունն արդեն սկսում է կայուն դրսևորվել»,- գրում է հրատարակությունը:
Ճապոնիա ներկրվող փայտանյութի 80%-ը Ռուսաստանից էր: Սակայն Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին գործարքների իրականացումը դժվարացել է, ինչը զգալիորեն բարդացրել է փայտանյութի ներկրումը։
Բացի այդ, մարտին ՌԴ կառավարությունը ժամանակավորապես սահմանափակել էր Ռուսաստանից ոչ բարեկամական երկրներ անտառանյութի որոշ տեսակների արտահանումը, այդ երկրների թվում էր նաև Ճապոնիան։ Ապրիլի 19-ից ուժի մեջ է մտել նաև ՌԴ-ի նկատմամբ Ճապոնիայի պատժամիջոցների նոր փաթեթը, որը ներառում է Ռուսաստանից 38 ապրանքատեսակների, այդ թվում՝ ալկոհոլի ու փայտանյութի և մի շարք այլ ապրանքների ներմուծման արգելքը:
Հետևաբար, զարմանալի չէ, որ այդ ֆոնին կաճեն նաև պատրաստի տների գները։