ՌԱԴԻՈ

ՊՊԾ-ն ԱԱԾ-ից առանձնացնելու արդյունավետությունը ցույց կտա ժամանակը. Միքայել Համբարձումյան

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ համահիմնադիր Միքայել Համբարձումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է տեղեկությանը, ըստ որի` Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի ԱԱԾ-ից։
Sputnik
Պետական պահպանության ծառայությունը ԱԱԾ-ից առանձնացնելը հետապնդում է հիմնականում մեկ նպատակ` ուժեղացնել այդ ծառայությունը, բարձրացնել նրա կարգավիճակը և օժտել բավական լուրջ լիազորություններով, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը։
«Չեմ կարող ասել` լավ են անում, թե վատ, որովհետև պրակտիկայում, օրինակ, ՌԴ-ում նույնպես տվյալ կառույցը գործում է առանձին, բայց երբ համատեղում ենք մոտեցումը, թե արդյոք օպերատիվ աշխատանքների իրականացման իմաստով դա արդյունավետ կլինի, ապա դրա պատասխանը կտրվի ժամանակի ընթացքում։ Եթե չեմ սխալվում, նախատեսվում է նաև փոփոխություն կատարել օպերատիվ- հետախուզական գործունեության մասին օրենքում, ինչի արդյունքում ՊՊԾ-ն լիազորություն կստանա նաև առանձին օպերատիվ- հետախուզական միջոցառումներ իրականացնել, ինչը կարևոր ֆունկցիա է ավելի լայն գործունեություն ծավալելու համար»,- ասաց Համբարձումյանը։
Նրա դիտարկմամբ` նախկինում ՊՊԾ ղեկավարը ԱԱԾ-ի տնօրենի ուղիղ ենթակայության տակ էր, իսկ հիմա կարգավիճակը փոխվում է և ենթակայությունն արդեն վերապահվում է ուղիղ վարչապետին։ Ըստ նրա` սա կարևորագույն և հիմնական նպատակն է, որին ցանկանում են հասնել վերոհիշյալ փոփոխության արդյունքում։

«Խոսքն այստեղ ոչ թե ԱԱԾ տնօրենի վստահությանն է վերաբերում, այլ ուղիղ ենթակայություն ունենալու խնդրին, ինչն իր հերթին կհանգեցնի ինֆորմացիայի սահմանափակման խնդրի լուծմանը։ Ի վերջո, այդ կառույցն է ապահովում վարչապետի ֆիզիկական անվտանգությունը, և բնական է, որ վարչապետը նպատակահարմար է գտնում, որ իր ֆիզիկական անվտանգությունն ապահովող կառույցի ղեկավարն այլ պաշտոնյայի չենթարկվի»,- նշեց ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը։

Համբարձումյանի կարծիքով` թեև օբյեկտիվորեն կա անհրաժեշտություն, և դրա համար էլ կատարվում է կառուցվածքային փոփոխությունը, բայց առանցքային հարցն այն է, թե որքան է դա արժենալու բյուջեին, որովհետև ստեղծվում է առանձին կառույց ամբողջովին առանձին ֆինանսավորմամբ, առանձին հաստիքակազմով ու նյութատեխնիկական ապահովմամբ։
Համբարձումյանը վկայակոչեց այն օրինակը, ըստ որի` ՀՔԾ-ն փոխարինվեց հակակոռուպցիոն կոմիտեով, որի գործունեությունն ապահովելու համար կազմվեց առանձին բյուջե, հատկացվեցին զգալի գումարներ, բայց մինչ օրս ոչ մի արդյունք, ըստ Համբարձումյանի, չի գրանցվել։
Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը՝ առաջարկելով պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին: