ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի արևմտյան մասում մի քանի պայթյունների հետևանքով 25 մարդ է զոհվել, հաղորդում է տեղական Aamaj News գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ զոհերի և տուժածների մեծ մասը Աբդուլ Ռահիմի անվան դպրոցից են, որի մոտ տեղի է ունեցել պայթյուններից երկուսը: Հաղորդվում է նաև «Մումտազ» դպրոցի մոտ ևս մեկ պայթյունի մասին:
Դեպքի վայրում գտնվող լրագրողները նշում են, որ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները (ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է գտնվում որպես ահաբեկչական կազմակերպություն) թույլ չեն տալիս ԶԼՄ-ներին օպերատիվ կերպով լուսաբանել միջադեպը: Aamaj News-ի թղթակիցները թալիբների պահվածքը «կոպիտ» են անվանել, քանի որ նրանք մի քանիսից առգրավել են տեսախցիկներն ու սարքավորումները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քաբուլի արևմտյան մասում գտնվող երկու կրթական հաստատությունների տարածքում մի շարք պայթյուններ են որոտացել, դրանց պատճառը դեռ հայտնի չէ: Տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվում, պայթյունի վայրը շրջափակել են թալիբները: