Նիկոլ Փաշինյանը հասել է ՌԴ. տեսանյութ

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Sputnik
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: «Իզվեստիան» Փաշինյանի ժամանումից տեսանյութ է հրապարակել։
Օդանավակայանում նրան դիմավորել են ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ ԱԳՆ պետական արարողակարգի պետ Իգոր Բոգդաշևը։
Ինչպես արդեն հայտնել էինք, այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպում կունենա նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ: