«Միացում». Արթուր Վանեցյանը համակիրների հետ իրազեկման քայլերթ է անում Երևանում

«Միացում» վանկարկելով Վանեցյանն ու իր համակիրները քայլում են Երևանի կենտրոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը համակիրների հետ իրազեկման քայլերթ է անում Երևանում։
«Միացում» վանկարկելով Վանեցյանն ու իր համակիրները քայլում են Երևանի կենտրոնում։
Փողոցներում ավտոմեքենայի վարորդներն ազդանշաններով իրենց աջակցությունն են հայտնում երթի մասնակիցներին։
«Մենք պայքարում ենք հանուն ՀՀ–ի և Արցախի անվտանգ գոյության։ Միայն ամուր և անվտանգ Արցախը կարող է լինել մեր երաշխավորը»,–ասաց քայլերթի մասնակիցներից մեկը։
«Ես Ազատության հրապարակ միայնակ եմ եկել, առանց կուսակցական դրոշի, եկել եմ որպես ՀՀ քաղաքացի, որը հասկանում է, որ երկիրը լրջագույն մարտահրավերների առաջ է կանգնած։ 2 օրվա ընթացքում ես հազարավոր մարդկանց հետ եմ շփվել, որոնք ինֆորմացված չեն։ Իմ նպատակն առաջին փուլում այն է, որ մարդիկ արթնանան ու հասկանա` ինչպիսի երկրում ենք ուզում ապրել»,–լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը։
Նրա խոսքով` Արցախը կորցնելուց հետո ոչ ոք լավ չի ապրելու, այլ, հակառակը, Արցախի կորստից հետո խոսք է բացվելու Սյունիքի մասին։
Արթուր Վանեցյանը համակիրների հետ իրազեկման քայլերթ է անում Երևանում
Վանեցյանը հայտնեց, որ իրենց հակադրության արդյունքը լինելու է իշխանափոխությունը, և ինքը տուն է գնալու միայն այն ժամանակ, երբ Ազատության հրապարակում մենակ մնա։
Հիշեցնենք՝ «5165» շարժման անդամներն այսօր ցերեկը Ազատության հրապարակից երթ են անցկացրել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։ Ապրիլի 18-ից Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Վերջիններս անժամկետ հացադուլ են սկսել։