Մահացել է գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը

Վահան Իշխանյանը աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում, եղել է խմբագիր և թղթակից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Կյանքի 58–րդ տարում այսօր մահացել է գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը։
Այս մասին ֆեյսբուքյան իրենց էջերում գրել են նրա ընկերները` գրող Լևոն Ջավախյանը և լրագրող Ռուզաննա Խաչատրյանը։
«Անսահման ազնիվ, սկզբունքային, շիտակ, գիտակ, խիստ կարդացած, բնատուր խելքով օժտված, կսկիծն իր մեջ, հայրենիքի ցավով տառապող, տաղանդավոր լրագրող, նույնքան խոր վերլուծաբան և մշակութաբան, արվեստն իր հետ, արվեստն իր մեջ, Իշխանաց տան արժանավոր ժառանգորդ և Ասպետ...
Չկա ընկերս, եղբայրս, հարազատս՝ ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ...»,–նկարին կից գրել է Ջավախյանը։
Ռուզաննա Խաչատրյանն էլ գրել է, որ Վահանը բարդ, բայց ազնիվ, սկզբունքային, խորը մարդ էր։
Վահան Իշխանյանը ծնվել է 1964թ–ին, Երևանում։ Աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում, եղել է խմբագիր և թղթակից: Համախոհների հետ հիմնադրել է «Ինքնագիր» գրական ակումբը:
Նրա գրքերից են «Ռուսուլմանի նոթերը», «Ովքեր են նրանք. Հայախոս, մուսուլման համշենցիները», «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրությունը» (համահեղինակ), «Անմազը» (պատմվածքների ժողովածու) և այլն։