Էրիկ Իսրայելյանը «ռմբահարեց» մրցակցին. հայերն առվազն 2 մեդալ կբերեն Բուլղարիայից

Բռնցքամարտ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից երկուսն արդեն կիսաեզրափակիչում են
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Էրիկ Իսրայելյանը ¼ եզրափակիչում պարզապես «ռմբահարեց» մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
60 կգ քաշային Իսրայելյանը մրցեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Տոմիսլավ Ջինովիչի հետ ու շնչելու հնարավորություն չտվեց մրցակցին: Մեկնարկային վայրկյաններից սկսած` հայ մարզիկը տարատեսակ հարվածների մի ամբողջ շարան հասցրեց Ջինովիչին, և արդեն 20-րդ վայրկյանին մրցավարը բացեց հաշիվ:
Մեր մարզիկն ուժգին հարվածները շարունակեց նաև նոկդաունից հետո, և դեռևս առաջին ռաունդը չավարտված` ռինգի մրցավարն ու մրցաշարի բժիշկը դադարեցրին մենամարտը և հաղթանակը շնորհեցին Իսրայելյանին:
Այսպիսով` Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից երկուսն արդեն կիսաեզրափակիչում են:
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի առաջին մեդալն ապահովել է 67 կգ քաշային Արես Հակոբյանը։
Նա 5:0 հաշվով հաղթել է հույն Ջորջիոս Էֆտիդիամիսին և, դուրս գալով կիսաեզրափակիչ, առնվազն բրոնզե մեդալ է ապահովել:
Երեկոյան մրցահերթում կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն 51 կգ քաշային Արեն Ասլամազյանը, 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը:
Հիշեցնենք` առաջնությունը մեկնարկել է ապրիլի 12-ին և կավարտվի ամսի 21-ին։
Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկը ջախջախել է թուրք մրցակցին