Այդքան շատ չէինք, ինչքան սպասում էինք. Վանեցյանի և նրա համակիրների քայլերթն ավարտվեց

Արթուր Վանեցյանն ասաց, որ շարունակելու է մնալ Ազատության հրապարակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կազմակերպած իրազեկման քայլերթն ավարտվեց։
Քայլերթի մասնակիցները շրջեցին Երևանի կենտրոնում` քաղաքացիներին կոչ անելով միանալ իրենց։
«Այսօր մենք այդքան շատ չէինք, ինչքան սպասում էինք, բայց մենք կանք և շատանալու ենք` թույլ չտալով, որ որևէ մեկը մոռանա մեր նահատակված տղաներին, ուրանա ազգային արժեքները։ Երթի ժամանակ ինքնաբուխ մի կարգախոս ծնվեց` «Հայեր, միացեք»։ Ես շարունակում եմ մնալ Ազատությանհրապարակում»,–ասաց Վանեցյանը։
Նա վստահեցրեց, որ Ազատության հրապարակում կմնա այնքան, մինչև այնտեղ գտնվողների քանակը հարյուրապատկվի։
Հիշեցնենք` ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։
Ապրիլի 18-ից Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Վերջիններս անժամկետ հացադուլ են սկսել։
Իսկ «5165» շարժման անդամներն այսօր ցերեկը Ազատության հրապարակից երթ են անցկացրել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։