Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի մեքենայացված բրիգադի հրամանատարական կետի ուղղությամբ «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական համալիրի բալիստիկ հրթիռ արձակելու կադրերը։
«Համալիրն անթերի է աշխատում։ Սա մեր խնդիրն է, մեր պարտականությունը։ Ողջունում եմ բոլոր ծանոթներիս, հարազատներիս։ Սպասեք մեր հաղթանակին, մենք անպայման կկատարենք առաջադրանքը»,- ասել է մեկնարկային մարտկոցի հրամանատար կապիտան Անատոլին։
Գերատեսչությունից հայտնում են, որ հրթիռների բարձր ճշգրտության հարվածով ոչնչացվել են հրամանատարական կետը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։
Հրամանատարական կետի մասին տեղեկությունը ստացվել է հետախուզական ճանապարհով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 54-րդ օրը։