Քրիստինե Գրիգորյանն Աննա-Կարին Օստին է ներկայացրել Արցախից տեղահանված անձանց խնդիրները

Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև համատեղ փաստահավաք առաքելությունների և իրազեկման գործողությունների իրականացման կարևորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին և Իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինին։
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Արցախից տեղահանված անձանց խնդիրների համախումբը, որն այս ընթացքում պաշտպանի հաստատության կողմից հաշվառվել է, այդ թվում` մարզային այցելությունների ու ընտանիքների հետ առանձնազրույցների միջոցով։

Անդրադառնալով փախստականների, տեղահանվածների, ապաստան հայցող և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրենսդրական բարեփոխումներին՝ Գրիգորյանը ներկայացրել է Ազգային ժողովին ու գործադիր իշխանությանը կարծիքներ և առաջարկներ ներկայացնելու պաշտպանի սահմանադրական մանդատը և իր պատրաստակամությունը հատնել կապող օղակ հանդիսանալ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և ԱԺ-ի միջև՝ արձանագրված խնդիրների օրենսդրական մակարդակում լուծումներ գտնելու նպատակով։ Աննա-Կարին Օստն իր հերթին բարձր է գնահատել օրենսդրական մակարդակում ներազդելու և բազմաթիվ խնդիրներ կանխարգելելու՝ պաշտպանի նպատակադրած գործելաոճը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնելու ՄԻՊ Սյունիքի մարզային և ՄԱՓԳՀ/UNHCR առաքելության Գորիսի մասնաճյուղի միջև համագործակցությունը՝ գործնական մակարդակում տեղահանված, ապաստան հայցող անձանց խնդիրներին մոտ լինելու և համարժեք օպերատիվ լուծումներ գտնելու նպատակով։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև համատեղ փաստահավաք առաքելությունների և իրազեկման գործողությունների իրականացման կարևորությունը և այս ու նախանշած այլ ուղղություններով համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Արևմուտքը լրջորեն հետաքրքրված է Սյունիքով. «Հրապարակ»