ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը վաղ առավոտից միացել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, որը նստացույց է սկսել Ազատության հրապարակում։
Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը
© Sputnik / Aram Nersesyan
Նշենք, որ ապրիլի 17-ին տղաները ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։
«Առաջին ազդակը, որից հետո մենք որոշել ենք դիմել այս քայլին` Արցախի ԱԺ հայտարարությունն է։ Մինչ այդ եղել են հայտարարություններ, բայց ամենաազդեցիկը դա էր և, կարծում ենք, որ ընկերների հետ միայն մտահոգություններ կիսելը բավարար չէ, պետք է համարժեք քայլեր անել»,- news.am-ի հետ զրույցում նշել է Արթուր Ավագյանը։
Նվեր Կիրակոսյանն էլ հանրությանը խնդրել է քիչ շահարկել իրենց` պատերազմի մասնակից լինելու հանգամանքը։
Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Մեր հացադուլ հայտարարելն ուղղված է հիմնականում երիտասարդությանը, որպեսզի բոլորը դուրս գան թմբիրից։ Անհոգություն է տիրում, և Արցախի հետ կապված այս իրավիճակին պետք է համարժեք ու ադեկվատ ռեակցիա։ Մեր կարծիքով` այժմ իրավիճակը ծայրահեղ է»,- ասաց Նվերը։
Վանեցյանը զրուցել է տղաների հետ և նրանց հորդորել դադարեցնել հացադուլը։
«Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ ընկերներ են կորցրել։ Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին։ Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Վանեցյանը։
Վերջինիս հետ Ազատության հրապարակում գիշերն անցկացրել են մի քանի տասնյակ ընդդիմադիրներ։ Կիրակի օրվանից այնտեղ անցկացվում է անժամկետ ակցիա՝ ի պաշտպանություն չճանաչված Լեռնային Ղարաբաղի։
Գիշերը խաղաղ է անցել։ Ընդդիմադիրները մտադիր են այսօր ևս շարունակել բողոքի ակցիաները։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունն ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Վարչապետի այդ խոսքերը բողոքի ալիք բարձրացրին։ Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարեց, որ պետք է համախմբվել ընդդեմ Արցախը Ադրբեջանի կազմում տեսնողների։
Ապրիլի 14-ին Արցախի ԱԺ պատգամավորները հայտարարություն ընդունեցին` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։
Ապրիլի 17-ին Վանեցյանն իր կողմնակիցներին հրավիրեց Ազատության հրապարակ։ Նա հայտարարեց, որ բողոքի ակցիաներն անժամկետ են լինելու։ Երեկոյան ուժայինները կանխել են վրաններ տեղադրելու` ցուցարարների փորձը և առգրավել դրանք, մի քանի մարդու բերման են ենթարկել: Գիշերն Ազատության հրապարակում, այնուամենայնիվ, վրան է տեղադրվել։