ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Լվովի մարզում լոգիստիկ կենտրոն ու արտասահմանյան զինատեսակների մեծ խմբաքանակներ են ոչնչացրել, որոնք Ուկրաինա էին բերվել ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ապրիլի 18-ի առավոտյան ՌԴ օդատիեզերական ուժերի գերճշգրիտ օդադեսանտային հրթիռները Լվովի մոտ հարվածներ են հասցրել ուկրաինական զորքերի լոգիստիկ հրամանատարության 124-րդ միացյալ կենտրոնին։ Ոչնչացվել են լոգիստիկ կենտրոնը և արտասահմանյան սպառազինության խոշոր խմբաքանակները, որոնք վերջին վեց օրվա ընթացքում Ուկրաինա էին մատակարարվել ԱՄՆ-ից ու եվրոպական երկրներից»,- ասել է Կոնաշենկովը։
Բացի այդ, Կիևի մարզի Վասիլկով գյուղի մոտ ոչնչացվել է զինամթերքի մեծ պահեստ։
ՌԴ ՊՆ հաշվարկով` հատուկ ռազմական գործողության սկզբից ոչնչացվել է 139 ինքնաթիռ, 483 անօդաչու թռչող սարք, 250 զենիթահրթիռային համակարգ, 2337 տանկ և այլ զրահատեխնիկա, 254 համազարկային հրթիռահրետանային կայան, 1009 դաշտային հրանոթներ ու ականանետներ, ինչպես նաեւ 2196 հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Հրթիռային ու հրետանային հարված է հասցվել 331 ռազմական օբյեկտի։
Խոցվել են 9 հրամանատարաշտաբային կետ, հրթիռահրետանային զինապահեստ, ինչպես նաև հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման 315 տարածք` Պոպասնայա և Նովոմայորսկոյե բնակավայրերում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 54-րդ օրը։