ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 19-ին կբանակցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության` Պուտինն ու Փաշինյանն անդրադառնալու են ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցերին, որոնք վերաբերում են ռազմավարական գործընկերությանը։
Բացի այդ, քննարկվելու են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները:
Հիշեցնենք` մարտի 10-ին կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտնել էր, որ ապրիլին պաշտոնական այցով Ռուսաստան կմեկնի։ Այս տարի լրանում է մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30-ամյակը։ Նրա խոսքով` հենց այս կապակցությամբ է ապրիլին նախատեսված իր այցը Ռուսաստանի Դաշնություն։