ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ կոռուպցիայի գործով ձերբակալված բժիշկների թվում է նաև իրեն բուժող բժիշկը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը։
«Ցավալի է, որ նրանց թվում է նաև «նախագահի բժիշկը»։ Այդ փաստը վշտացրել է ինձ, բայց օրենքը օրենք է և բոլորին է վերաբերում»,- ասել է պետության ղեկավարը։
Բելառուսի առողջապահության նախարար Դմիտրի Պինևիչը, գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը և պետանվտանգության կոմիտեի նախագահ Իվան Տերտելն այսօր Բելառուսի նախագահին զեկուցել են, որ բժշկության ոլորտում կոռուպցիայի գործի շրջանակում ավելի քան 30 պաշտոնյաներ են ձերբակալվել։
Լուկաշենկոն ասել է, որ բարձր պաշտոններում նշանակումներ անելիս, հատկապես այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին առողջապահությունն է, միշտ առաջին տեղում է դրել կոռուպցիայի բացառման հարցը։ Խոշոր սկանդալներից խուսափելու համար նա հանձնարարել է հրաժարվել դեղերի և բուժապրանքների միջնորդավորված մատակարարումից։