Ստեփանակերտում տղամարդը մտել է ոստիկանության հենակետ ու կրակ բացել. կա մեկ զոհ

Ստեփանակերտում տղամարդը մտել է ոստիկանության հենակետ ու կրակ բացել. կա մեկ զոհ
Ոստիկանության ավագ տեսուչը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik․ Արտակարգ դեպք է գրանցվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 16-ին՝ ժամը 22:25-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ 53-ամյա Սերգո Շաքարյանը ապօրինի մուտք է գործել Ստեփանակերտի Մաշտոցի փողոցում տեղակայված ԱՀ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2-րդ հարկ։

Տղամարդն իր մոտ առկա «АК-74» տիպի ինքնաձիգով թիրախային կրակահերթ է արձակել ծառայություն իրականացնող անձնակազմի ուղղությամբ:

«Ոստիկանության ավագ տեսուչ, հերթապահ Ժ.Ե.-ն կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դրանից հետո Սերգո Շաքարյանը նույն նպատակով հետապնդել է ՕԿԿ կրտսեր տեսուչ հերթապահ Ա.Խ.-ին։ Բարեբախտաբար, ոստիկանին հաջողվել է փրկվել։
Քիչ անց Շաքարյանը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Սերգո Շաքարյանը ձերբակալվել է: